Անպատժելիության դեմ անզոր չենք՝ մեր ձայնն ունենք

«Ազգի» նախորդ համարում հակիրճ ծանուցել էինք Երեւանի Ամերիկյան համալսարանում նոյեմբերի 13-14-ին գումարված «Ձայներ՝ ընդդեմ մոռացության». Զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» հինգերորդ ամենամյա միջազգային համաժողովի մասին, որ կազմակերպել էր Ճշմարտության եւ արդարադատության կենտրոնը (Center fot Truth and Justice (CFTJ): Այն ԱՄՆ-ում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպություն է, հիմնադրվել է 2020-ի նոյեմբերին, Արցախի դեմ պատերազմից հետո: Կազմակերպության կարեւոր գործն է իր շուրջ համախմբված իրավաբանների միջոցով պատերազմը վերապրածների անմիջական վկայություների հավաքագրված ձայնագրությունների համակարգումը: Երկօրյա համաժողովը խիտ էր՝ 17 երկրից՝ ԱՄՆ-ից, Նիգերիայից, Մյանմայից, Իրաքի Քրդստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդների Թագավորությունից, Պաղեստինից, Իսրայելից, Ուկրաինայից, Շվեյցարիայից, Եգիպտոսից, Արգենտինայից Երեւանում իրենց ներկայությունը հաստատած բանախոսներն անդրադարձան հիմնականում երկու թեմայի՝ առերեսվելով բռնությանը, ապրում ես դրա հետեւանքների հետ, հակամարտությունն ու պատերազմը քո ներսում չի ավարտվում, ուզում ես, որ լսելի դառնա տառապյալիդ պատմությունը: Երկրորդը՝ արդարադատությունը, դրան հասնելու ուղիները, սահմանափակումները եւ ժամանակակից իրողությունները:
Համաժողովը գերհագեցած էր՝ հույզ եւ կարեկցություն պահանջող ելույթները լսելու, դրանց մասին մտածելու, խորհելու առումով: Թեեւ լրագրողներս հատկապես ծանոթ ենք միջազգային լրահոսին, եւ ամեն օր աշխարհում կատարվող բռնության տաք օջախների մասին տեղյակ, բայց պիտի խոստովանեմ, որ այդ երկրներից ժամանած մարդկանց պատմությունները լսելով հասկացա, որ շփման բացակայությունը մեծ եւ չլրացվող բաց է կուտակում: Մեր աշխարհում եղել են, կան, շարունակվելու են անիրավ պատերազմները, ցեղասպանություն ծանրագույն հանցագործությունը «այլեւս երբեք» պլակատային հատու, մերժող խոստումից հետո աշխարհի ԶԼՄ-ները մեկումեջ ծանուցում են, որ մեր մոլորակի հեռու եւ մոտ անկյուններում դրա դրսեւորումները շարունակվում են, զոհերն ահռելի թիվ են կազմում, վերապրողներին, նրանց իրավունքները մոռանում են պետությունները բանակցային սեղանների շուրջ, եւ զոհերի, նրանց ժառանգների, պատերազմը վերապրած մարդկանց արժանապատվության մասին չեն էլ հիշում:

Ճշմարտության եւ արդարադատության կենտրոնի ղեկավար,Կալիֆորնիայի բարձրագույն դատարանի դատավոր, Հայոց ցեղասպանության վերապրողների ժառանգ Կասյա Աբգարյանը ցավով փաստեց, որ աշխարհում անպատժելիության գերիշխումը ստիպում է «ձայն բարձրացնել, այլապես բոլորս կանհետանանք: Մենք պայքարելու ենք այդ անպատժելիության դեմ», շեշտեց Աբգարյանը, իսկ նրան հաջորդած բանախոսների ելույթներում արդարության պայքարից չհրաժարվելու հաստատակամությունը նկատելի էր: Բանախոսների մեջ նկատելի գերկշռություն ունեին միջազգային իրավունքի մասնագետները: Աշխարհի տարբեր երկրներից Երեւանում միավորված իրավաբանների, հոգեբանների, իրավապաշտպանների ամուր հենք ունեցող ելույթները ոչ միայն գիտելիք տվեցին, այլեւ համբերությամբ զինվելու խորհուրդ, որ արդարադատությունը արագ չի կատարվում, բայց երբ տեւական ջանք ես թափում, դրա արդյունքը տեսանելի է լինում:

Այն, որ համաժողովին ոչ միայն խոսվում էր տուժածների, զոհերի մասին, այլ հենց տուժածներն ու զոհերի ժառանգներն էին խոսում, իրենց ձայնը լսելի դարձնում, արդարացնում էր «պատերազմների եւ ոճրագործությունների զոհերը չպետք է մնան արդարության լուսանցքում»՝ համաժողովի կազմակերպիչների ձեւակերպումը:

Համաժողովին զուգահեռ Ամերիկյան համալսարանում գործում էր նաև «Փաստագրելով ճշմարտությունը, պահպանելով հիշողությունը» թվային ցուցադրությունը։ Վեց էկրաններին ցուցադրվում էին զոհերի, վերապրածների, զանգվածային ոճրագործությունների փաստագրված վկայություններ, վավերագրական տեսանյութեր եւ տեսողական նյութեր, որոնք հավաքել են Ճշմարտության և արդարադատության կենտրոնի մասնագետները։

«Ոչ ոք չի լսումգ Սինջարի մոռացված ձայները խորագրով նորարարական վիրտուալ իրականության ցուցադրությունն այցելուներին «տեղափոխում» է Հյուսիսային Իրաք։ Այն ներկայացնում էր Սինջարի շրջանի Քոչո գյուղում ծավալվող պատմությունը, երիտասարդ եզդի կնոջ վկայությունը, որին առևանգել եւ սեռական ստրկության են ենթարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները, կոտորածից փրկված նրա եղբոր պատմությունը, ինչպես նաև գյուղի վրա հարձակված ԻՊ զինյալի պատմությունը։
Հենց առաջին օրը բացման ելույթներից հետո հարթակ տրամադրվեց տարբեր հակամարտությունների զոհերի ժառանգներին, տուժածներին, նրանց պատմությունները լսեցինք՝ հուզվելով եւ ապրումակցելով, եւ դա փոխեց ներկաների վերաբերմունքը: Ճառախոսության առատության պակաս չկա, եւ երբեմն ճոխ բառապաշարով ելույթն այնքան ազդեցիկ չէ, որքան տառապյալի անմիջական խոսքը, վկայությունն ունկնդրելը: Հայոց ցեղասպանության վերապրողի զավակ նկարիչ մանկավարժ Էմիլյա Օհանյանը հոր՝ 1915-ին թուրքական յաթաղանից հրաշքով մազապուրծ Աշոտ Հովհաննեսի Օհանյանի պատմությունն է վերաշարադրում՝շատ մանրամասներ է հիշում, հուզմունքն ու լացը չի կարողանում զսպել: Մենք գիտենք Հայոց ցեղասպանության պատմությունը, մեր ընտանիքներում էլ նման պատմություն պատմվել է, բայց չգիտենք Էմիլյայի հոր տառապանքի մասին, եւ նրա ձայնն է դառնում Էմիլյան: Ես նկատում եմ, որ դահլիճում նստած արտասվում է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի պաշտոնազուրկ տնօրեն Էդիտա Գզոյանը, որ այժմ Ամերիկյան համալսարանում Հայոց ցեղասպանություն առարկան է դասավանդում: Մարդ, որ նմանատիպ, նույնաբովանդակ  պատմություններ հավաքել, ուսումնասիրել է,  հույզը չի կարողանում զսպել:

Բռնության զոհերը խոսում են

Երբ Օհանյանն իր ելույթն ավարտեց, ամբիոնին մոտեցավ կլինիկական հոգեբան, տրավմատոլոգիայի առաջամարտիկ, զոհաբան եւ հոգեպատմաբան դոկտոր Յաել Դանիելին: Տրավմայի միջսերնդային հետեւանքների ուսումնասիրման, բուժման եւ կանխարգելման միջազգային կենտրոնի հիմնադիր, գործադիր տնօրեն, ՄԱԿ-ում ներկայացուցիչ Դանիելիին առիթ էր եղել ունկնդրել առցանց, կենդանի հանդիպումը, նրա անմիջական խոսքը լսելը շատ հարստացրեց մեզ:

«Ինձ շատ հուզեցիք, պիտի լսել զոհերի ժառանգներին, տառապյալների պատմությունը սովորեցնում է», ասաց ԱՄՆ-ից ժամանած գիտնականը, շնորհակալություն հայտնեց Օհանյանին, պատմեց, որ Շոայի վերապրողների պատմություններից ինքը շատ բան է սովորել:

Լուսանկարում՝ Յաել Դանիելի, Գոռ Մնացականյան

Քենիայից առցանց միացավ Էլիզաբեթ Ատիենո Տավոն: Նա իր երկրում անցկացված ընտրությունների ժամանակ սեռական բռնության է ենթարկվել, դուստր ունի, բայց չի վախենում պատմել իր պատմությունը, եւ համաժողովին իր ձայնը հնչեցնելու համար գյուղից մայրաքաղաք Նայրոբի է հասել: Իրաքի Քրդստանից Երեւան էր եկել Սարկավատ Ջալիլը, որ միջազգային իրավունքի մասնագետ է, գրքերի հեղինակ: Սվետլանա Հարությունյանն Արցախից է: Նա Կարմիր խաչի բուժաշխատող է եղել, ականատես է դարձել Ադրբեջանի վայրագություններին, բայց դրանից առաջ ունկնդիր է եղել Սումգայիթից մազապուրծ մոր պատմությանը: Մայրը պատմել է անձնական դաժան մի պատմություն,ականատեսի վկայություն, փաստեր շարադրել, որ չմոռացվի ոճիրը, բայց այն շարունակվել է տարիներ անց, քանի որ ոճրագործությունը չի պատժվել: Սվետլանայի խոսքը դառնության եւ հույսի հարաբերությունը փորձում էր հավասարակշռել: Ասում է, որ վերադարձի մասին մտածում են, բայց դա իրականանալի է միայն միջազգային անվտանգության կայուն երաշխիքների առկայության պայմաններում:

Երեւանում իր պատմությունն է շարադրում ծագումով Մյանմայից ռոջավա Զայնուլ Մուստաֆան: Նրան հաջողվել է Բանգլադեշից Գերմանիա փախչել, իր ընտանիքը բազմաթիվ հայրենակից ընտանիքների հետ բնակվում Բանգլադեշի ճամբարներում, կա վերադարձի ցանկություն, բայց տեղի իշխանությունների վերաբերմունքն անփոփոխ է՝ խտրականության օրինակ է այն, որ պետությունը նույնիսկ անձնագիր չի տրամադրում, ապրում են առանց փաստաթղթերի, կրթությունը շարունակելը երազանք է մնում:

Գուրգեն Պետրոսյանը ներկայացնում է իր գիրքը՝ «Իրավունք առանց պատրանքների»

Համաժողովի հյուրերն ու մասնակիցները միջանցքում չեն կարող չնկատել գերմանաբնակ իրավաբան Գուրգեն Պետրոսյանի հեղինակած «Իրավունք առանց պատրանքների: Հայաստանի անցյալը, բացթողումները եւ միջազգային իրավունքի իրական հնարավորությունները» գիրքը: «Նյումեգ» հրատարակչության օրերս լույս ընծայած գիրքն արծարծում է այն հարցը, թե Հայաստանն ինչպես կարող է միջազգային իրավունքը վերածել արտաքին քաղաքականության արդյունավետ գործիքի: Գուրգեն Պետրոսյանի գիրքը դեռ չեմ ընթերցել, ուստի հեղինակից ենք ճշտում նրա վերաբերմունքը:

«Պիտի փորձել քաղաքական գործիչներին համոզել, որ միջազգային կառույցների կարեւորությունն անփոխարինելի է, դրանցից հրաժարվելը պարզապես դավաճանություն է այն բոլոր սկզբունքներին, որ ձեւավորվել են Երկրորդ համաշխարհայինից ի վեր»: Իսկ եթե միջազգային դատարանի կազմաքանդման  գլխավոր ջատագովն ԱՄՆ է՝ նախագահ Թրամփի, Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ , ինչպե՞ս պիտի գործեն փոքր պետությունները: Մեր այս հարցին ի պատասխան Պետրոսյանը հավելում է՝ «պիտի համախմբվեն: Փոքր պետությունների համախմբումը կարող է դիմակայում ստեղծել ԱՄՆ- ի նկատմամբ: Բայց փոքր պետությունները փորձում են ԱՄՆ-ի հետ տնտեսական շահերի, կապերի միջոցով իրենց հարցերը լուծել,  մտածում են ՝ հիմա լավ լինի, հետո տակից դուրս կգանք: Դա ճիշտ ճանապարհ չէ հաստատ: Դրանք կարճաժամկետ լուծումներ են: Հակամարտությունները, պատերազմները կրկնվում են: Մեզ՝ միջազգային իրավունքի մասնագետներիս պարբերաբար մեղադրում են նրանում, որ  օգտվում ենք հակամարտությունների եղելությունից, դրանք երկարացնում ենք՝ խոսելու թեմա կա: Բայց այդպես չէ: Ինչպես այստեղ ասվեց, եթե հակամարտությունը վերջանում է, չի նշանակում, որ տուժողի ձայնը հանդարտվում է: Տուժողի տառապանքը չի վերջանում, միայն դրամական փոխհատուցումով չես կարող այդ տառապանքը մոռացնել տալ: Այստեղ հարկավոր է երկար վերականգնողական աշխատանք տանել տուժողների հետ»:

Եթե միջազգային դատական ատյաններում մեր հայցերը շարունակենք պաշտպանել, բայց  պետության կողմից չլինի շահագրգռություն, ի՞նչ կարող է անել միջազգային իրավունքի մասնագետը կամ այսպիսի մի համաժողով, հարցրինք Գուրգեն Պետրոսյանին: «Միակ բանը, որ կարող ենք անել՝ խնդիրների մասին խոսել, բարձրաձայնելն է: Զգացվում է, որ հայ ժողովուրդը միջազգային իրավունքի հանդեպ հետաքրքրություն, վստահություն չունի՝ թույլ է, միջազգային իրավունքը չի գործում, չի փրկելու: Այո՛, չի փրկելու, բայց միջազգային իրավունքը ոչ թե փրկում, այլ մեզ գործիք է տալիս երկարաժամկետ լուծման համար: Եթե մարդը հիասթափվում է, դա էլ է հասկանալի: Մարդն իր առօրյան պիտի ապրի: Միջազգային իրավունքը կյանքը չի փոխելու, բայց երբ դու արդարադատության մղումով ես ապրում,  հասնում ես արդունքի: Օրինակի մասին այստեղ պատմվեց՝ եզդի կինն է, որ Իրաքից գնաց հասավ Գերմանիա, եւ այդ մի դեպքն իր ազդեցությունն ունեցավ ամբողջ համայնքի համար»:

(շարունակությունը՝ թերթի հաջորդ համարում)

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Բոլոր լուսանկարները Center for Truth and Jüstice-ի ֆբ էջից:

Related Posts